ՀՎՀ-ի առցանց կրթական հարթակ
«ՀՎՀ-ի առցանց կրթական հարթակ» նախագիծը մեկնարկեց 2020թ. մարտի 26-ին՝ ի արձագանք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին` կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները: Նորարարական այս էլ. հարթակը նոր վիրտուալ փորձառություն դարձավ մասնակիցների համար Հայաստանից և սփյուռքից:
Նախագիծը գործարկվեց ամբողջովին վիրտուալ միջավայրում՝ շուրջ 1500 մասնակցի հնարավորություն տալով սովորել ու բացահայտել հայոց պատմությունը և մշակույթը։
Այս նախաձեռնությունը մեծապես ողջունվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից և ստացավ մասնակիցների դրական արձագանքներն ամբողջ աշխարհից: 2020թ. մայիսին մեկնարկեց նախագծի երկրորդ մասը՝ հագեցած նոր գաղափարներով և հնարավորություններով:
Առցանց կրթական հարթակը ներկայացնում է բազմաթիվ հետաքրքիր թեմաներ՝ ընդգրկելով հայկական մշակույթը, լեզուն, պատմությունը, կրոնը, ճարտարապետությունը, խոհանոցը, շախմատը և շատ ավելին։ Մուլտիմեդիա նյութերը մեծամասամբ առանձնացված են ՀՎՀ-ի ինտերակտիվ էլ. գրքերից, առցանց դասընթացներից ու վիրտուալ այցելություններից և հասանելի են յոթ լեզուներով՝ հայերենն իր երկու ճյուղերով, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն։ Ծրագրի շրջանակում կազմակերպվում են վեբինարներ, որոնց ընթացքում բանախոսները ներկայացնում են տարբեր փաստեր հայկական մշակույթի, պատմության, ավանդույթների և տոների մասին։ Այս ծրագիրն օգնում է բացահայտել հայկական ժառանգության արժեքները։
Նախագծի մասնակիցները նաև միացան «Հայկական ժառանգության հետքերով» խորագիրը կրող մրցույթին՝ տարբեր ձևաչափերով բացահայտելով հայկական ժառանգությունն իրենց երկրներում։
Միասին բացահայտենք և սովորենք:
Կարդալ ավելին
Գրանցվեք այստեղ